Երկարատև և հետևողական իրավական աշխատանքի արդյունքում՝ 2026 թվականի օգոստոսի 10-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը մեր վստահորդի վերաբերյալ քրեական գործով կայացրել է արդարացման վերդիկտ։ Մեր վստահորդը մեղադրվում էր զինվորական ծառայությունից խուսափելու մեջ։
Դատաքննության ողջ ընթացքում մեր վստահորդի պաշտպանությունն իրականացրել է փաստաբան Առնոլդ Վարդանյանը։
Դատական վարույթի ընթացքում պաշտպանական կողմը ներկայացրել է իրավական հիմնավորումներ, ինչպես նաև մասնագիտական և փորձագիտական ապացույցներ՝ վիճարկելով ինչպես մեղադրանքի հիմնավորվածությունը, այնպես էլ մեղադրանքի հիմքում դրված նյութերի արժանահավատությունն ու ապացուցողական նշանակությունը։ Պաշտպանական կողմը հիմնվել է նաև համապատասխան միջազգային չափանիշների վրա։
Գործով նաև իրականացված արտադատական միջոցառումների շրջանակում, փաստաբան Առնոլդ Վարդանյանի ներկայացրած դիմումի հիման վրա, Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնի կողմից Հայաստանում գործողության մեջ են դրվել ակնաբուժական ռեֆրակտոմետրերին ներկայացվող միջազգային ISO տեխնիկական պահանջները՝ ազգային ստանդարտի կարգավիճակով։
Գործով բարձրացվել են նաև մի շարք կարևոր իրավական և ապացուցողական հարցեր։ Դրանց թվում էր դատաբժշկական փորձագետների՝ անձի տեսողության ցուցիչները գնահատելու իրավասության հարցը։ Պաշտպանական կողմը վիճարկել է այդ իրավասությունը, այդ թվում՝ դատաբժշկական փորձագետների հակընդդեմ հարցման ընթացքում։
Շնորհակալ ենք մեր վստահորդին վստահության համար։


No comment